четверг, 22 февраля 2018 г.

Գործակալություններ


Հազարապետություն

Հազարապետություն, արքունական գործակալություն Արշակունյաց Հայաստանում, որը զբաղվում էր հարկերի հավաքագրմամբ, արքունական եկամուտների և ծախսերի կառավարմամբ։ Հազարապետի պաշտոնը ժառանգական էր, այն տարբեր ժամանակներում վարել են Գնունի և Ամատունի նախարարական տոհմերի ներկայացուցիչները։

Հազարապետության գործակալը՝ հազարապետը, սահմանել և իրեն ենթակա պաշտոնյաների միջոցով գանձել է պետական հարկերը, հսկել ճանապարհների, ջրանցքների կառուցման, անտառապատման և համապատասխան նշանակություն ունեցող այլ աշխատանքներ։ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո Մեծ Հայքի հազարապետության գործակալը (հաստատել է Սասանյան արքունիքը) միաժամանակ եղել է Հայոց իշխանաց իշխանը, որին Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ) անվանում է նաև մարզպան։

Սպարապետություն

Սպարապետություն, զինված ուժերը կառավարող արքունի գործակալություն հին և միջնադարյան Հայաստանում։ Գործակալը՝ գլխավոր հրամանատարը, կոչվել է սպարապետ։ 4-5-րդ դարերին սպարապետությունը ժառանգաբար վարել են Մամիկոնյանները։ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո սպարապետությունը պահպանել է իր իրավունքները և զգալի դեր խաղացել մարզպանական Հայաստանի կառավարման գործերում։ 9-11-րդ դարերին Սպարապետություն վարել են Բագրատունիների, ապա՝ Պահլավունիների ներկայացուցիչները։ Կիլիկյան Հայաստանում սպարապետություն հիմնականում վարել են Ռուբինյանների և Հեթումյանների ներկայացուցիչները, սակայն այն չի եղել այդ տների մենաշնորհը։

Մարդպետություն

Մարդպետություն, Արշակունի Հայաստանի արքունական գործակալություն, որի գործառույթն էր տնօրինել Արշակունյաց արքաների հողային և այլ ունեցվածքը՝ ապարանքը, կանանոցը, կալվածնքները, բերդերն ու ամրոցները, եկամուտներն ու գանձերը։ Մարդպետության գործակալությունը ժառանգական հիմքով վարում էր Մարդպետունի նախարարական տոհմը, որին պատկանում էր Վասպուրական նահանգի գավառներից մեկը՝ Մարդաստանը։

Մաղխազություն

Մաղխազություն, արքունի գործակալություն Արշակունյաց Հայաստանում։ Ունեցել է արքունիքի պահակազորի և թագավորի թիկնազորի պարտականություն։ ժառանգաբար վարել է Խորխոռունիների նախարարական տոհմը, որի տանուտեր իշխանը եղել է թիկնազորի հրամանատարը և կրել «մաղխազ» տիտղոսը։ Այդ պատճառով Խորխոռունիները կոչվել են նաև Մաղխազունիք կամ Մաղխազյանք։

Թագավորի ասպետություն

Թագադիր ասպետություն, թագակապ ասպետություն, Հայոց արքունի գործակալություն Արշակունիների օրով (1-5-րդ դարեր)։ Ավանդաբար եղել է արքայատան խնամիական կապերով ազգական՝ Բագրատունիների իշխանական տան մենաշնորհը։ Բագրատունիների նահապետը կամ գահակալ իշխանը կրել է «թագադիր»֊ կամ «թագակապ ասպետ» տիտղոսը և գահակալական հանդիսավոր արարողության ժամանակ օրինադրել է արքայի թագը, կապել ապարոշը, զենքերը։ Նա է հետևել Գահնամակով սահմանված արքունի կարգուկանոնին, գահակալ իշխանների «բարձ ու պատվին»։

Комментариев нет:

Отправить комментарий