воскресенье, 25 сентября 2016 г.

Հայկական լեռնաշխարհ



Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։

Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1 500 - 1 800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 - 4 000 մետր բացարձակ բարձրություն։ 

Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, որոնք միասին կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Ադրբեջանի տարածքում են գտնվում լեռնաշխարհի գավառներից Գարդմանը և Գողթանը (Նախիջևան), Վրաստանում՝ Ջավախքը: Հայկական բարձրավանդակի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։

Հայկական լեռնաշխարհի գետերը լեռնային բնույթ ունեն, արագահոս են և փրփրալից։ Գետերը արագահոսության և մեծ անկման պատճառով նավարկության համար պիտանի չեն։ Գետերի նշանակությունը առանձնապես մեծ է եղել ոռոգման և ձկնորսության համար։

Եփրատ գետը մարդկության պատմության հնագույն քաղաքակրթությունների օջախներից է. նրա հատվածներում պատմության տարբեր փուլերում ձևավորվել են Շումերի, Աքքադի, Բաբելոնի, Սիրիական քաղաք-պետությունների ու հայկական պետական կազմավորումներն ու պետությունները։ Եփրատի միջին հոսանքում է գտնվել Հին աշխարհի հռչակավոր քաղաքներից Բաբելոնը։Եփրատը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաերկարն է։

Տիգրիս գետի հյուսիսային հատվածը երկար դարեր եղել է Մեծ Հայքի սահմանը։ Տիգրիսի միջին հոսանքում է կառուցվել Արաբական խալիֆայության մայրաքաղաք Բաղդադը (այժմ՝ Իրաքի մայրաքաղաք)։ Տիգրիսը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաջրառատն է։


Արաքս (Երասխ) գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Այն սկզբնավորվում է Բյուրակն լեռներից և միակն է, որ ամբողջությամբ հոսում է Հայկական լեռնաշխարհի տարածքով և Կուրին միանալով՝ թափվում է Կասպից ծովը։

Հայկական լեռնաշխարհը ունի խոշոր լճեր և բազմաթիվ լճակներ։

Սևանա լիճը ունի քաղցրահամ ջուր։ Ունեցել է մեկ կղզի, որը ժամանակի ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո այսօր դարձել է թերակղզի։ Սևան են հոսում 28 գետեր և գետակներ, նրանից սկզբնավորվում է միայն Հրազդան գետը։

Վանա լիճը աղահամ ջրով լիճ է, հայտնի է իր տառեխ ձկով։ Ունի չորս կղզի՝ Աղթամար, Լիմ, Կտուց, Առտեր:

Կապուտան կամ Ուրմիա լիճը լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է և ունի բազմաթիվ կղզիներ։

Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Կապուտանի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը։ Այդ պատճառով առաջնությունը զիջել է Հայկական լեռնաշխարհի մեկ այլ լճի՝ Վանին: Այժմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է Արաքսի ջրերի մի մասը ուղղել Ուրմիո լիճ

Հայկական լեռնաշխարհի բարձրագույն կետ Արարատը (5 165 մետր) Մերձավոր Արևելքի ամենաբարձր գագաթներից է։ Արարատը հանգած հրաբուխ է։ Այն գտնվում է ՀՀ պետական սահմանից 32 կմ, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ հեռավորության վրա։ Լեռն ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս 5 165 մ) և փոքր (Սիս 3 975 մ)։

Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնով` արեւելքից արեւմուտք, ձգվում է Հայկականպար լեռնաշղթան, որը լեռնաշխարհը բաժանում է հյուսիսային եւ հարավային մասերի:Հայկական պարն արեւելքում սկիզբ է առնում Մասիս (Մեծ Արարատ, 5165 մ) սարից,որը լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է եւ ձգվում է մինչեւ Արեւմտյան Եփրատ:Երկրորդ բարձր լեռը Սիփանն է (4434 մ), որը բարձրանում է Վանա լճի հյուսիսայինափին: Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է (4090 մ): 

Հայաստանը պատմական տարբեր ժամանակաշրջաններում ենթարկվել է վարչականբազմապիսի բաժանումների: Ներքին եւ արտաքին գործոնների ազդեցությամբ հաճախՀայաստանի տարածքում առաջ են եկել մի քանի թագավորություններ կամ երկրի որոշհատվածներ հայտնվել են օտարների տիրապետության տակ: Այժմ ընդունված է պատմական Հայաստանի վարչական բաժանման հիմքում դնել VIIդ. նշանավոր գիտնական Անանիա Շիրակացու կազմած «Աշխարհացույցը»: Ըստ դրա, Հայաստանը բաժանվում է երկու վարչաքաղաքական միավորների` Մեծ Հայք եւ Փոքր Հայք, որոնք իրարից բաժանվում էին Արևմտյան Եփրատով: Մեծ Հայքն ուներ ավելի քան 300.000 կմ2 տարածք, իսկ Փոքր Հայքը` շուրջ 100.000 կմ2: 

Հայաստանի Հանրապետության տարածքն ընդգրկում է Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Գուգարք, Ուտիք նահանգների մի մասը եւ ունի 29.800 կմ2 տարածք: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զբաղեցնում է մոտ 10.000 կմ2 տարածք եւ ընդգրկում է Արցախ, Ուտիք եւ Սյունիք նահանգների մի մասը: Փաստորեն, այսօր հայկական պետականության հովանու ներքո է ավելի քան 400.000 կմ2:

Комментариев нет:

Отправить комментарий