Համամոլորակային հիմնախնդիրներ կամ Գլոբալ խնդիրներ՝ արդիականության համամարդկային խնդիրներ, որոնք շոշափում են ներկա և ապագա սերունդների կենսական շահերը, և որոնց լուծումը պահանջում է բազմաթիվ պետությունների համատեղ ջանքերը։
Այդ խնդիրներից կարևորներն են մեր մոլորակի բնակչության ժողովրդագրական իրավիճակի կտրուկ փոփոխությունը, շրջակա միջավայրի աղտոտումը, միջազգային ահաբեկչության ու թմրամոլության լայն տարածումը։ Գլոբալ խնդիրների կարևորության համընդհանուր գիտակցումը ենթադրում է համապատասխան փիլիսոփայական իմաստավորում, մասնավորապես մարդկության միասնության, մարդու պատասխանատվության, բնության հետ հասարակության ներդաշնակության անհրաժեշտության ըմբռնում։
Մարդկության համար առավել հրատապ են հետևյալ համամոլորակային հիմնախնդիրները, կապված բնապահպանության հետ.
1.
բնապահպանական հիմնախնդիրը՝ կապված բնական միջավայրի խախտման հետ,
- համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը՝ առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ,
- կլիմայի փոփոխության հիմնախնդիրը։
Տնտեսական զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրներում խոշորամաշտաբ տնտեսական գործունեությունը և դրա դինամիզմն իրենց հետ բերում են ոչ միայն դրական, այլև բացասական հետևանքներ, այդ թվում՝
·
բնական ռեսուրսների կտրուկ և ոչ միշտ արդարացված սպառումը,
·
արտադրական գործունեության բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա և մարդկանց կյանքի էկոլոգիական պայմանների վատթարացումը:
Մարդկային արտադրական գործունեությունը լուրջ վտանգ կարող է սպառնալ շրջապատող միջավայրին, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի (նավթի վերամշակում, միջուկային էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա) օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և օդային տրանսպորտի աճը։ Միլիոնավոր հա արգավանդ հողեր օգտագործվել են շինությունների համար կամ, ենթարկվելով իռիգացիոն ու տեխնիկական էրոզիայի, դուրս մնացել գյուղատնտեսության օգտագործումից։ Մինչդեռ բնության մեջ 90 սմ հաստությամբ հողաշերտ ստեղծվում է, միջին հաշվով, 16 հազար տարում։ Բազմաթիվ երկրներ խմելու ջրի պակասի պատճառով սառցալեռներ են տեղափոխում Գրենլանդիայից։ Միաժամանակ ջրային աղբյուրներն ու Համաշխարհային օվկիանոսը աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտեսության թափոններով (տարեկան 10 միլիոն տ նավթամթերքի մնացորդներ են թափվում Համաշխարհային օվկիանոս)։
Վառելիքի այրումից յուրաքանչյուր տարի մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 միլիարդ տոնաից ավելի արդյունաբերական և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ Օդի աղոտության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխարհին։ Անհետացել են բույսերի և կենդանիների բազմաթիվ հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ Արժեքավոր կենդանիների շատ տեսակներ գտնվում են անհետացման շեմին և գրանցված են «Կարմիր գրքում»։
Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհի անտառների մակերեսը կրճատվել է 1,5 անգամ և շարունակվում է կրճատվել։ Ոչնչացվում են Ամազոնի ավազանի (մոտ 5 միլիոն կմ2 մակերեսով) անտառները։
Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։
ՀՀ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ վավերացրել է մի շարք համաձայնագրեր և ստանձնել միջազգային պարտավորություններ։ Սակայն խնդիրներ բազում են և ունեն անհապաղ լուծման կարիք:
Комментариев нет:
Отправить комментарий