Ջրածնային էներգետիկան էներգաարտադրողության՝ էկոլոգիապես ամենամաքուր ճյուղերից է։ Այն հնարավորություն
է տալիս ստանալ մեծ քանակությամբ որակյալ էներգիա՝ առանց շրջակա միջավայրը վնասելու։
Ջրածինը տիեզերքի ամենատարածված
տարրն է։ Ջրածին գազը թունավոր չէ և օժտված է մեծ ջերմատվությամբ։ Դրա մեկ գրամի
այրումից ստացվում է 120 կՋ ջերմություն, մինչդեռ նույն քանակի բենզինից՝ միայն 46 կՋ։ Ընդ որում՝ մթնոլորտն աղտոտող ոչ մի վնասակար նյութ չի
առաջանում, որն անխուսափելի է վառելիքի ցանկացած այլ տեսակի պարագայում։ Ջրածինը
էկոլոգիապես մաքուր և իդեալական վառելանյութ է,
միակ վերջանյութը ջուրն է։ Այն հեշտությամբ կարելի է տեղափոխել և բաշխել
սպառողներին սովորական խողովակաշարով, որոնցով այսօր տեղափոխվում է բնական գազը։
Ջրածինը էլեկտրաէներգիա կարելի է ստանալ ոչ
միայն ներկայիս ջերմաէլեկտրակայանում, այլև ավելի մեծ արդյունավետությամբ՝ վերջերս ստեղծված էլեկտրաքիմիական
գեներատորներում (ԷՔԳ), այսպես կոչված՝ «վառելիքային սնուցիչներում»:
Ի՞նչն է, սակայն, խանգարում ջրածնի՝ որպես
մաքուր վառելիքի ավելի լայն կիրառությունը։ Գլխավոր խոչընդոտը վառելիքի մյուս
տեսակների համեմատությամբ ջրածնի բարձր ինքնարժեքն է։ Այժմ այն հիմնականում
ստանում են նավթից, բնական գազից և քարածխից:
Շատ մեծ հեռանկար
է կապվում արեգակնային էներգիայի միջոցով ջրի քայքայման հետ, որը հետազոտության
առարկա է գրեթե բոլոր զարգացած երկրների փորձարաններում։
Քիմիական գիտության
ամենահրատապ խնդիրներից է կատալիզատորի առկայությամբ
ջրի լուսաքիմիական քայքայումը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ն. Սեմյոնովը ցույց է տվել, որ վանադիումը, մոլիբդենի, մանգանի միացությունները և որոշ ներկանյութեր
արդյունավետ կատալիզատորներ են նշված ռեակցիայի համար։ Նախատեսվում է ապագայում արևային
ուժեղ ճառագայթում ունեցող և գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողատարածություններում ստեղծել «էներգետիկ դաշտեր», որտեղ
թափանցիկ սարքերից դուրս կբերվեն վերը նշված եղանակով ջրի քայքայման արգասիքները՝ ջրածինն ու թթվածինը։
Հարկ է ընդգծել, որ նշված եղանակներով
Արեգակից ստացված էներգիան չի առաջացնի երկրագնդի ջերմաստիճանի բարձրացում։
Որպեսզի մարդկությունը ապահովված լինի
էներգիայով, անհրաժեշտ է համատեղել բոլոր երկրների գիտնականների և
կառավարությունների ջանքերը։
Комментариев нет:
Отправить комментарий