Արտաշեսը Հին աշխարհի ականավոր ռազմական ու քաղաքական գործիչներից է։ Նա ունեցել է միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն։ Արտաշեսը ծնվել է մոտ Ք․ ա․ 230 թ․ մեծատոհմիկ Զարեհի ընտանիքում։ Մագնեսիայի ճակատամարտից հետո հռչակվելով Հայաստանի անկախությունը՝ դարձել է նրա թագավորն ու հիմք դրել նոր՝ Արտաշեսյան արքայատանը։ Արտաշեսի՝ գահ բարձրանալու պահին Մեծ Հայքի թագավորության տարածքը պարփակված էր։ Արտաշեսն իր առջև խնդիր է դնում իրականացնելու հայրենիքի վերամիավորման կարևորագույն ծրագիրը։ Իր թագավորության սկզբում արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպեից երկիրը։ Այնուհետև արշավում է դեպի հյուսիս, որտեղ հարևան Վիրքը զավթել էր հայկական Գուգարք նահանգը։ Արտաշեսի օրոք Մեծ Հայքը դարձավ Առաջավոր Ասիայի ազդեցիկ պետություններից մեկը։ Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն։ Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արտաշատը կառուցվել է մոտ Ք․ա․ 185թ., պատմիչներն այն անվանել են "Հայկական Կարթագեն"։ Մոտ Ք․ա․ 180թ․ Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ։ Դրա համաձայն մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից։ Արտաշեսի բարեփոխումներից առավել կարևորներից է ռազմականը։ Նրա օրոք ստեղծվեց հայկական կանոնավոր ու լավ զինված բանակ, նա ստեղծեց չորս զորավարություններ։ Արտաշատում կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը, որտեղ կանգնեցվել են թագավորի նախնիների արձանները։ Արտաշեսը մահացել է շուրջ Ք․ա․ 160 թվականին՝ 70 տարեկան հասակում։
Комментариев нет:
Отправить комментарий