пятница, 10 ноября 2017 г.

հավատքներ


Ֆետիշիզմը գերբնական հատկություններ վերագրվող անշունչ առարկաների երկրպագություն է։

Ֆետիշիզմը բոլոր վաղ կրոնական ձևերի ու զարգացած կրոնական համակարգերի բաղադրամասը կազմող կրոնական աշխարհընկալման տարրերից է։ Ֆետիշները կարող են լինել քարերը, փայտերը, ծառերը, բնական կամ ձեռակերտ ցանկացած առարկաներ։ Ֆետիշիզմը լայնորեն տարածված է նաև արդի կրոններում, օրինակ՝ «սև քարի» (Մեքքայում) պաշտամունքը մուսուլմանների մեջ, մեռած հոգևորականների աճյուններով պաշտամունքային շինություններինը՝ բուդդայականության մեջ, բազմաթիվ «հրաշագործ» սրբապատկերների ու մասունքների երկրպագությունը՝ քրիստոնեության մեջ։

Անիմիզմ

Անիմիզմ – տերմինը գիտական շրջանառության մեջ է մտցրել անգլիացի գիտնական Է. Թայլորը, ով անիմիզմը համարում է կրոնի նախնական ձև: Անիմիզմը հավատքն է բազմաթիվ ոգեղեն էակների գոյության նկատմամբ,
որոնք իրենց մասնակցությունն են ունենում մարդկանց ամենօրյա գործունեության մեջ ու կարող են օգնել կամ խանգարել մարդուն իր նպատակներին հասնելու գործում: Նախամարդը բոլոր ոգիներին պատկերացնում էր մարմնավոր կերպարանքով, քանի որ նրա բանականությունը դեռևս հնարավորություն չուներ վերարցարկման միջոցով հասնելու անմարմին ոգիների գոյության գաղափարին: Ոգեպաշտական հավատալիքները ուղղակիորեն կապված են անդրշիրիմյան կյանքի պատկերացումների հետ, որտեղ, համաձայն վաղնջական հավատալիքների, հայտնվում են բոլոր մարդկանց ոգիները կամ հոգիները մահվանից հետո:


Տոտեմիզմ

Տոտեմիզմը շրջանառության մեջ է դրվել 18-րդ դարի եվրոպական գրականության մեջ Ջ. Մակ-Լենանի (1870թ.) և Ջ. Ֆրեզերի (1887թ.) աշխատությունների հրատարակումից հետո:

Տոտեմիզմը մարդու կամ մարդկային խմբի և որևէ կենդանու կամ բույսի միջև գոյություն ունեցող գերբնական և ծագումնաբանական կապի հանդեպ հավատքն է: Ցեղի կամ տոհմի անդամները համարում էին, որ իրենք արյունակցական կապերով կապված են իրար ու միևնույն ժամանակ որևէ տոտեմի հետ, որին նրանք հաճախ անվանում էին «հայր», «մեծ եղբայր» և այլ մակդիրներով:

Տոտեմիստական հավատալիքներում տոտեմը համարվել է ցեղի նախնին, որը հովանավորում ու պաշտպանում է տվյալ ցեղին տարբեր դժվարություններից ու հակառակորդներից: Բացի այդ՝ ցեղի անդամները անխախտ հավատք ունեին առ այն, որ հնարավոր է տարբեր տիպի ծիսական գործողություններով ազդել տոտեմի վրա, որից հետո տոտեմական կենդանին կամ բույսը կշատանա ու կավելանա, ինչից էլ առավելագույնս կշահեն ցեղի անդամները:

Ծիսական գործողությունների ժամանակ ցեղի անդամները տարբեր ներկերով ու հագուստներով հիմնականում փորձում էին պատկերել իրենց տոտեմին ու իրենց շարժումներով նմանակել նրա գործողությունները:

Մոգություն



Մոգությունը կրոնական հավատալիք է: Այն մարդու հավատքն է իր գերբնական ընդունակությունների նկատմամբ, որոնցով նա սիմվոլիկ գործողությունների շնորհիվ կարողանում է ազդել իրականության տարբեր երևույթների վրա ու փոխել դրանց ընթացքը:

Մոգական գործողությունները բավականին տարբերվում են իրարից իրենց բարդությամբ, ուղղվածությամբ, իրականացման տեխնիկայով և որ ամենակարևորն է` հետապնդած նպատակով: Այդ պատճառով էլ մոգական գործողությունները բաժանվում են երկու մեծ խմբերի` ագրեսիվ կամ պաշտպանական մոգություն, դրական ու բացասական մոգություն: Մոգությունը դիմացել է դարերի փորձությանը ու այսօր տարբեր ձևերով պահպանվել է բոլոր մայրցամաքներում:

Комментариев нет:

Отправить комментарий