Իսրայել Օրի ( 1659- 1711), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ է: Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։
1680 թվականին Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, որտեղ ծառայել է ֆրանսիական բանակում, մասնակցել է Անգլիայի հետ պատերազմին, գերի ընկել: Ազատվելուց հետո մեկնել Գերմանիա:
1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներին, Ամենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։
1698 թվականի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III–ի համաձայնությունը և 1699 թվականին ուղևորել Հայաստան։
Ավստրիայի հրաժարումը խափանել է եռյակ դաշինքի ստեղծումը և, Արևմուտքից հույսը կտրած, Իսրայել Օրին վերջնականապես հայացքը ուղղում է դեպի հզորացող Ռուսական կայսրություն և 1701 թվականին մեկնում Մոսկվա:
Իսրայել Օրին մշակել է նոր ծրագիր, որում Հայաստանի ազատագրական գործում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին: Այն պետք է տրամադրեր 25 հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան: Այստեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդհանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստանը։ Ըստ Իսրայել Օրու, ռուսական օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, որպես ազատագրության և հայրենի պետականության վերականգնման կայուն երաշխիք։
Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմից հետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:
Դեպի Անդրկովկաս նախատեսվող արշավանքի հաջողության համար Իրանի ներքին կացության վերաբերյալ առավել ճշգրիտ տեղեկություններ հավաքելու և հայ ու վրաց ապստամբական ուժերը համախմբելու նպատակով ռուսական արքունիքը հավանություն է տվել նաև Իսրայել Օրու առաջ քաշած պարսկական դեսպանության գաղափարին։
Շքախմբով և ռազմական ջոկատի ուղեկցությամբ Իսրայել Օրին 1708 թվականի սկզբին մուտք է գործել պարսկական պետության սահմանները։ Չնայած Իսրայել Օրու պաշտոնապես Հռոմի պապի դեսպանն էր, սակայն հանդիպել է մեծ արգելքների։ Իրանում գործող արևմտաեվրոպական, հատկապես ֆրանսիական միսիոներները Հուսեին շահին ներշնչում էին, թե Իսրայել Օրու նպատակը հայկական պետության վերականգնումն է։ Այնուամենայնիվ 1709 թվականին Իսրայել Օրուն հաջողվել է հասնել Իրանի մայրաքաղաք Սպահան և տեսակցել շահի հետ, որից հետո վերադարձել է Անդրկովկաս և այնտեղ մնացել մինչև 1711 թվականը։
Եսայի Հասան–Ջալալյանի հետ Իսրայել Օրին 1711 թվականին վերադարձել է Աստրախան, որտեղ օգոստոսին, մութ հանգամանքներում հանկարծամահ է եղել։
Комментариев нет:
Отправить комментарий