четверг, 7 февраля 2019 г.

Հ․ Թումանյանի քառյակներ


Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:
 անցվոր- Անցորդ, ճամփորդ, խենթ, խելագար։
 փառք- Պատիվ, հռչակ, համբավ, որ մարդ վաստակում Է իր լավ գործով՝ ստեղծագործություններով՝ գիտական վաստակով և այլն: Մեկի՝ մի բանի հասցեին ասված, գրված գովաբանություն, մեծարանք, փառաբանություն: Պատիվ բերող հանգամանք, պատվավոր գործ, պաշտոն, երևույթ և այլն: Մեծ հեղինակություն, հանդիսավորություն, շուք: 2. Մեծարանք, հարգանք: Մեծ էր փառքը հայրապետի, երբ նա մի որևէ տեղ էր գնում (Հ. Թումանյան):
 անհաղորդ- Մասնակցություն չունեցող, ոչ մասնակից, բաժին չունեցող, անտեղյակ, չհաղորդվող, չճաշակված:
 վար- որպես գոյական Հողը վարելը, հերկ, Վարված տեղ՝ հող՝ արտ, Վարելու ձևը՝ եղանակը՝ որակը: Որպես արևմտահայերեն և գավառական [ածական] Ցած, ցածի, ստորին: [մակբայ] Ցած, դեպի ցած: [ածական] Ստոր, անարգ: Էժան, վատորակ, ցածրորակ:

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մշուշներում նրբաղոտ`
Երբեմն, ասես, զգում եմ ես, թե կհասնեմ Նրա մոտ…
 լուսակաթ- Որից լույս է կաթում՝ ծագում, որի վրա լույս է կաթել, վրան լույսի ցոլք ընկած, լուսափայլ:
 խոհ- Խորհելու՝ մտածելու արդյունքը, մտածություն, միտք: Ա՜խ, բույր ունեն խոհերը մեր, ունեն կշիռ, ունեն խորք (Ե. Չարենց): 2. Հոգս, մտահոգություն, մտատանջություն, խորհելը, մտածելը:
 խոյանք- Խոյանալը, հարձակում, գրոհ, բուռն ընթացք: (փոխաբերական) Մտքի թռիչք, դեպի վեր խոյացում՝ սլացք:
 անարատ- Մարմնական արատ, պակասություն չունեցող, բարոյապես անբասիր՝ մաքուր, անխառն, մաքուր, անապակ: Հոմանիշներ- անբիծ, անաղարտ, անապակ, անպիղծ, անեղծ, կույս, սուրբ, անխառն, զուտ
 մշուշ- Մառախուղ, մեգ: Փոխաբերական իմաստով Մթագնող, մթությամբ պատող հանգամանք, խավարի, մռայլության, մոռացման ևն քող։ Հոմանիշներ- Մառախուղ, մեգ, մառ, բալ, շամանդաղ, մռայլ, մլար, թուխպ, միգապատություն։

Комментариев нет:

Отправить комментарий