четверг, 22 февраля 2018 г.

Ուշադրություն և հիշողություն


ուշադրության առանձնահատկությունները

Ուշադրության հիմնական առանձնահատկություններն են կենտրոնացումը, բաշխումը, ծավալը, լարվածությունը, կայունությունը, ցրվածությունն ու տեղափոխելիությունը:

Ուշադրության կենտրոնացումը դիտվում է այն ժամանակ, երբ մարդու հոգեկան ակտիվությունը վերաբերում է միայն այն առարկային կամ գործունեությանը, ինչով նա զբաղված է տվյալ ժամանակահատվածում: Կենտրոնացած ժամանակ անհատը խորանում է տվյալ գործունեության մեջ: Ուշադրության կենտրոնացման բարձր աստիճանը մտավոր, հատկապես ստեղծագործական աշխատանքում շոշափելի արդյունքների հասնելու հիմնական պայմաններից մեկն է: Ուշադրության կենտրոնացմանը նպաստում են լռությունը, մեկուսացումը, տարբեր ազդակներից վերանալը:

Ուշադրության բաշխումը միաժամանակ գործունեության երկու և ավելի տեսակներ կատարելու, դրանք ընկալելու և սեփական գործողությունները վերահսկելու կարողությունն է:

Ուշադրության ծավալը առարկաների, գործունեությունների, ինչպես նաև ներհոգեկան բովանդակությունների այն քանակն է, որն անձը տվյալ պահին կարող է գիտակցորեն ընկալել և պահել իր ուշադրության կենտրոնում: Պարզվել է, որ աղջիկների ուշադրության ծավալն ավելի մեծ է, քան տղաներինը: Անձի ուշադրության ծավալը կախված է նրա հետաքրքրությունից, մտավոր զարգացման մակարդակից, ընկալվող ինֆորմացիայի հետ ունեցած նախնական ծանոթությունից, ինչպես նաև այն իրադրությունից, որտեղ տեղի է ունենում անձի գործունեությունը: Ուշադրության ծավալի վրա մեծ ազդեցություն են գործում նաև նախկին փորձն ու հետաքրքրությունները:

Ուշադրության լարվածություն կամ ինտենսիվություն ասելով հասկանում ենք հոգեկան-նյարդային եռանդի այն քանակությունը, որը ծախսվում է գործունեության կատարման ընթացքում: Ուշադրության լարվածությունը պայմանավորված է ներքին դրդապատճառների առկայությամբ:

Ուշադրության կայունությունն արտահայտվում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը:

Ուշադրության ցրվածությունը ուշադրությունը որևէ օբյեկտի վրա տևականորեն կենտրոնացնելու անկարողությունն է:

Ուշադրության տեղափոխելիությունը ուշադրությունը մի օբյեկտից մյուսին տեղափոխելու կարողությունն է:


ուշադրության տեսակները

ոչ կամային

Ոչ կամային ուշադրությունը բնածին գործընթաց է, իրականանում է օրգանիզմի վրա որոշակի ուժի գրգռիչի ազդեցության ժամանակ և մարդուց հատուկ ջանքեր չի պահանջում։ Ոչ կամային ուշադրության մեխանիզմները մարդու և կենդանիների մոտ ընդհանուր են, դրանց հիմքը կազմում է կողմնորոշիչ ռեֆլեքսը։

Ներքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհի բովանդակությունները, սեփական ապրումներն ու մտքերը:

Արտաքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Այն իրագործվում է զգայարանների օգնությամբ:

Կամային

Հասարակական գործունեության ընթացքում մարդը կարողանում է կառավարել իր ուշադրությունը։ Ուստի մարդու կամքին ենթարկվող ուշադրությունը կոչվում է կամային։ Կամային ուշադրությունը իրականացնում են կեղևի ճակատային բլթերը։ Այն արտահայտվում է նրանում, որ սուբյեկտը կարող է կամային կերպով կենտրոնացնել իր ուշադրությունը մեկ, ապա ուրիշ օբյեկտի վրա։

հետկամային

Գոյություն ունի նաև ուշադրության մեկ այլ տեսակ, որը կրում է նպատակաուղղված բնույթ և սկզբում պահանջում է կամային ճիգեր, իսկ հետո մարդը «ներգրավվում է » աշխատանքի մեջ. հետաքրքիր և նշանակալից է դառնում գործունեության ընթացքը և ոչ միայն նրա արդյունքը։ Հետկամային ուշադրությունը ձևավորվում է գործունեության մեջ ներառվելուց հետո՝ սկզբում պահանջելով կամային ջանքեր, իսկ հետո՝ հետաքրքրության առաջացման հետ, դրանք ինքնըստինքյան անհետանում են. արդյունքում երկար ժամանակահատվածի ընթացքում պահպանվում է նպատակաուղղվածությունը, լարվածությունը թուլանում է, և մարդը չի հոգնում, չնայած, որ հետկամային ուշադրությունը կարող է ժամեր տևել։

հիշողություն

Հիշողություն, իմացական գործընթաց, որը կոչված է կուտակելու, պահպանելու և վերարտադրելու ձեռք բերված փորձը։ Հիշողության գործընթացներն են մտապահումը, պահպանումը, վերարտադրումը և մոռացումը։

շարժողական

Շարժողական հիշողությունը տարբեր շարժումների և դրանց համակարգերի մտապահումը, պահպանումն ու վերարտադրումն է։ Հիշողության այս տեսակի նշանակությունը կայանում է այն բանում, որ այն տարբեր գործնական և աշխատանքային հմտությունների հիմք է, որոնք հավասարազոր են քայլի, գրելու և այլ հմտությունների։

հուզողական

Հուզական հիշողությունը կողմնորոշված է զգացմունքների վրա։ Մարդու կողմից ապրված և հիշողության մեջ պահպանված զգացմունքները հանդես են գալիս կամ որպես գործունեության խթան, կամ որպես գործունեությունից հետ պահող ուժ, քանի որ դրանք անցյալում առաջ են բերել բացասական ապրումներ։

բառատրամաբանական

Բառատրամաբանական հիշողությունը արտահայտվում է մարդկանց մտքերի մտապահման և վերարտադրման մեջ։ Մարդ հիշում և վերարտադրում է մտքերը, որ առաջացել են մտորելու, տրամաբանելու պրոցեսում, հիշում են կարդացած գրքի, ընկերների հետ խոսակցության բովանդակությունը։

Комментариев нет:

Отправить комментарий